| ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԻԵՎՈՒՄ |
| 04.01.2016 22:13 |
|
2015 թ. տարեվերջին գործնական այցով Կիևում էր գտնվում «Հայկական լրատու» Ուկրաինայի հայերի միության տեղեկատվական-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր տիկին Մեդեա Աթյանը: Նրա այցելության հիմնական նպատակը գործընկերների և խմբագրակազմի անդամների հետ մի շարք հարցերի քննարկումն էր, քանի որ 2016թ.-ին «Հայկական լրատու»-ն տոնելու է իր գործունեության 7-ամյա հոբելյանը և լույս է ընծայվելու հանդեսի 70-երորդ հոբելյանական համարը: Այդ իսկ պատճառով մտահաղացումները և անելիքները շատ են: Հիշեցնենք, որ «Армянский вестник» թերթը սկզբում հրատարակվում էր Կիևում (2006թ.), հետագայում այն 2009թ-ից տեղափոխվել Է Օդեսա և վերանվանվել «Հայկական լրատու» հանդեսի, որի անփոփոխ գլխավոր խմբագիրը մինչ օրս հարգարժան տիկին Մեդեան է: Հանդեսը հիմնականում լուսաբանում է Ուկրաինայի հայերի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանում Ուկրաինական համայնքի գործունեությունը, ինչպես նաև Սփյուռքի մյուս համայնքների հետ համագործակցությունը: Այն բարեկամական կամուրջներ է հաստատել Հոլանդիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Բելոռուսի և այլ երկրների հետ: Ավելի քան 50 էջանոց հանդեսը լույս է տեսնում 2-3 ամիսը մեկ, կա նաև էլեկտրոնային տարբերակը: Տպագրվում է 3 լեզուներով՝ հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն: Տպաքանակը 5000 է:
Չնայած գերզբաղվածությանը տիկին Մեդեան ցանկություն հայտնեց ծանոթանալու նաև «Հայերենի դասընթացների» ուսանողների հետ,կարևորելով Սփյուռքում մեր լինելիության գրավականը լեզվի պահպանմամբ: Նա ջերմ զրուցեց և հիացմունքի խոսքեր հղեց ուսանողներին, իսկ դասընթացների ուսուցչուհի Ռուզաննա Մարտիրոսյանին մաղթեց նորանոր հաջողություններ այդ հայրենանվեր ու հայապահպան աշխատանքում, և նվիրեց իր հեղինակային «Հայ տպագիր խոսքը Ուկրաինայում» մեծածավալ գիրքը լավագույն բարեմաղթանքներով:
Ռուզաննա Մարտիրոսյան ք.Կիև |