| Տեղի ունեցավ «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017թ. մրցանակաբաշխության դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն |
|
Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2017թ.-ի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառումը մեկնարկեց Երուսաղեմի Հայոց պատրարքարանի դիվանապետ, Ժառանգավորաց վարժարանի և Ընծայարանի տնօրեն Կորյուն վարդապետ Բաղդասարյանի օրհնանքի խոսքով: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին՝ նա նշեց. «Մենք ամեն տարի Սփյուռքի հայկական կառույցների հետ համատեղ կազմակերպում ենք այս մրցանակաբաշխությունը, որի նպատակն է ամրացնել Հայրենիք-Սփյուռք կապերը, Սփյուռքը մոտեցնել Հայաստանին, ոգեշնչել, նոր լիցքեր հաղորդել Սփյուռքի հայկական կազմակերպություններին, կրթօջախներին, մեր աշակերտներին, հայրենակիցներին: Անվանակարգերն անընդհատ փոխոխվում են, մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական կազմակերպություններին, հայկական դպրոցներին, ուսուցիչներին, տարբեր թեմաներով շարադրությունների մրցույթներին, որոնց մեծ ոգևորությամբ են մասնակցում մեր փոքրիկ աշակերտները»: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ 2010-2017 թթ.-ին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխությունն ունեցել է 1262 մասնակից 55 երկրներից: «Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է 285 անհատ և կազմակերպություն աշխարհի 24 երկրներից: Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել և աշխարհի տարբեր ծայրերից ժամանել եք՝ ձեր մրցանակները ստանալու: Անչափ հպարտանում եմ, երբ տարբեր երկրների հայ համայնքներ կատարած աշխատանքային այցերի ընթացքում համայնքային կառույցներում, դպրոցներում տեսնում եմ մրցանակաբաշխության հաղթողների դիպլոմները, որոնք նրանք մեծ ոգևորությամբ են պահում»,-նշեց Հրանուշ Հակոբյանը: Ցուցադրվեցին ԱՄՆ-ից, ՌԴ-ից մրցանակակիրների տեսաողջույնները և տեսանյութեր՝ մրցանակաբաշխության, մասնակիցների ոգևորության, կարծիքների, գործունեության վերաբերյալ: Ելույթներով հանդես եկան Արգենտինայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Լիբանանից, Քուվեյթից, Երուսաղեմից, Վրաստանից ժամանած մրցանակակիրները և հյուրերը:
Ռուսաստանի Պերմի երկրամաս Մ. Մաշտոցի անվան դպրոցի տնօրեն Ժասմենա Հայրապետյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը գեղեցիկ, հետաքրքիր և բովանդակալից ծրագրերի համար: «Արդեն 9 տարի մենք համագործակցում ենք, և դուք գնահատում եք մեր աշխատանքը և միշտ մեր կողքին եք»,-նշեց Ժասմանա Հայրապետյանը: Ելույթ ունեցան Այնճարի Հայ ավետարանական երկրորդական վարժարանի հայոց լեզվի և հայոց պատմության ուսուցչուհիներ Գոհար Անտոնյանը և Մարիժան Տեր-Ատուրյանը: «Մայրենիի պաշտպան» անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր, Փարիզի ՀԲԸՄ-ի «Ահազանգ» թատերախմբի գեղարվեստական ղեկավար Մկրտիչ Պասմաճեանը: «Սփյուռքի նախարարությունը առաջիններից է եղել, որ գնահատել է մեր աշխատանքը: Այս մրցանակը նոր մեկնակետ է՝ ավելի սերտ աշխատելու համար»,-նշեց Մկրտիչ Պասմաճեանը: Հանդիսավոր պայմաններում մրցանակակիրներին հանձնվեցին «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» մրցանակաբաշխություն 2017թ. դիպլոմները: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին: «Շնորհակալ եմ, որ Հայրենիքի կանչով եկել եք հեռու ու մոտիկ երկրներից, եկել եք, որովհետև ձեր սիրտը, հոգին հայկական է, որովհետև սիրում եք ձեր հայրենիքը, Հայաստանը, ձեր հայ լինելը: Ես խոնարհվում եմ ձեր առաջ: Շնորհակալ եմ, որ փորձում եք հայ մնալ, հայ ապրել, ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցել երիտասարդներին, պահպանել հայ արմատը, լեզուն և ինքնությունը»: Նշենք, որ 8 սփյուռքահայ գործիչ մրցանակաբաշխության շրջանակներում պարգևատրվել է «Մայրենիի դեսպան» մեդալով, 56-ը արժանացել է 1-ին և 2-րդ կարգի մրցանակների, իսկ 221-ին տրվել է դիպլոմ, այդ թվում՝ «Մայրենիի պաշտպան» անվանակարգում 44, «Լավագույն հայկական կրթօջախ» անվանակարգում 35, «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում՝ 22 մրցանակակիր: «Ազատ Արցախ» և «Մայիս՝ հաղթանակների ամիս» մանկապատանեկան ստեղծագործությունների մրցույթում մրցանակակիր է դարձել 176 մասնակից: |