Киевская Армянская Община 2009-2012

Ձեր մեջ պիտի անընդհատ ծաղկի հայրենիքի հանդեպ սերն ու նրանով հպարտանալու զգացումը. Հրանուշ Հակոբյան

Փետրվարի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի «Պատանի իրավաբանի դպրոց»-ի և «Պատանի դիվանագետի դպրոց»-ի աշակերտները՝ դասախոսներ Անի Հովասափյանի, Մերի Շահբազյանի և Սիրարփի Դավթյանի ուղեկցությամբ:

Ողջունելով աշակերտներին՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց վարժարանի գործունեությունը և նշեց, որ ուրախալի է աշակերտների շարքերում տեսնել նաև սիրիահայ և իրանահայ երեխաների:

Նախարարը աշակերտներին ներկայացրեց հայկական սփյուռքի պատմության շրջափուլերը, ձեռքբերումներն ու ներկա մարտահրավերները: «Հայ ժողովուրդն ի սկզբանե եղել է ստեղծագործ, կարող, հզոր, բանիմաց, և ուր էլ գնացել է հայ մարդը, արագ ինտեգրվել է տեղի հասարակությանը, սկսել արարել, ստեղծագործել: Այսպիսով՝ որտեղ եղել են հայերը, թողել են իրենց հետքը՝ հայկական հետքը: Այսօր 138 երկրում հայեր են ապրում, և կան 836 հայկական համայնքներ»,- ընդգծեց նախարարը: Խոսելով մերօրյա սփյուռքի մասին՝ Հրանուշ Հակոբյանը շեշտեց, որ այն այսօր առավել հզոր է, կազմակերպված ու գրագետ և պայքարում է իր իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման համար:

«Սփյուռքն առավել համախմբված դարձավ, իհարկե, Մայր հայրենիքի անկախությունից հետո, և հենց անկախության գաղափարը սփյուռքին նոր ուժ, ոգի տվեց: Սփյուռքը Հայաստանում դարձավ ներկայություն»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Այնուհետև աշակերտները նախարար Հրանուշ Հակոբյանին հարցեր ուղղեցին նախարարության գործունեության, հայապահպանությանն ու հայադարձությանն ուղղված ծրագրերի մասին: Պատասխանելով հարցերին՝ նախարարը առանձնացրեց Սփյուռքի նախարարության գործունեության երեք հիմնական ուղղությունները՝ նպաստել հայապահպանությանը, ազգային ինքնության պահպանմանը, նպաստել հայկական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, մշակել և իրականացնել հայրենադարձությանը խթանող ծրագրեր: «Հայկական սփյուռքն այսօր վտանգված է, քանի որ համաշխարհայնացման հետևանքով աշխարհն անընդհատ փոփոխվում ու փոքրանում է: Այս պայմաններում հայրենը գնալով զիջում է իր դիրքերը, նեղանում է նրա գործածության ոլորտը: Հայ երիտասարդներից շատերը հեռանում են հայկական միջավայրից»,-ընդգծեց նախարարը և շեշտեց, որ հայ մնալու միակ գրավականը Հայաստանը տեսնելն ու հայրենի հողը զգալն է:

Վարժարանի սաները նախարար Հրանուշ Հակոբյանի հետ զրուցեցին նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, օտար երկրում ապրելու դժվարության և Հայրենիքի առավելությունների մասին: «Ձեր մեջ պիտի անընդհատ ծաղկի հայրենիքի հանդեպ սերն ու նրանով հպարտանալու զգացումը»,-նշեց նախարարը:

Մայրենիի օրվան ընդառաջ՝ Հրանուշ Հակոբյանը հորդորեց աշակերտներին պահպանել մայրենին, մեծշուքով նշել մայրենիի տոնը:


ՀՀ սփյուռքի նախարարության Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչություն

 
Ближайшие мероприятия общины: